Դիետիկ սնունդ
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԴԻԵՏԻԿ ԱՊՈՒՐ
Բաղադրիչներ.
սոխ – 6 գլուխ,
պահածոյացված լոլիկներ – 1-2 տուփ (600-800 գ),
կաղամբ – 1 գլուխ,
կանաչ պղպեղ – 2 հատ,
արգանակ կամ ջուր
աղ, պղպեղ, մաղադանոս, սև պղպեղ,
նեխուր – մի քանի ցողուն
Բանջարեղենը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան եռացած ջուր լցնել այնպես լցնել, որ ծածկի ամենը: Եռացնել, կրակն իջեցնել, եփել մինչև բանջարեղենը փափկի: Համեմել կանաչիով: Այս ապուրը հատկապես նրանց համար է, ով ունի ավելորդ քաշի խնդիր:
ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՀԵՏ
Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 750 գ,
գազար – 750 գ,
տավարի փափկամիս – 500 գ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
սխտոր – 4 պճեղ,
չորացրած ուրց – 0.5 թ. գդ.,
բուսայուղ,
սև պղպեղ,
տավարի անյուղ արգանակ – 0.5 լ,
սոխ – 1 գլուխ,
եգիպտացորենի օսլա – 2 ճ. գդ.,աղ,ջուր – 2 Ճ. գդ.,սունկի ապուր կիսաֆաբրիկատ
Մաքրած կարտոֆիլը, մանր կտրատած գազարը, սոխն ու սխտորը լցնել հինգլիտրանոց կաթսայի մեջ: Տավարի միսը թեթևակի տապակել, աղ, պղպեղ ցանել, դնել բանջարեղենի վրա: Սունկի ապուրը եփել, ինչպես գրված է տուփի վրա: Խառնել տոմատը, ուրցը, տավարի արգանակը, սունկի ապուրն այնպես, որ միատարր զանգված ստացվի: Լցնել ստացված ապուրը մսի ու բանջարեղենի վրա, եփել մեկ ժամ: Հետո կրակն իջեցնել և եփել, մինչև պատրաստ լինի: Ափսեի մեջ դնել միսը, վրան տեղադրել բանջարեղենը, փակել: Եգիպտացորենի օսլան ջրով բացել, լցնել արգանակի մեջ, եփել ուժեղ կրակի վրա տասը րոպե, մինչև ապուրը մի քիչ թանձրանա: Մատուցել առանձին, իբրև թանձրահյութ:
ՆԵԽՈՒՐՈՎ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ
Բաղադրիչներ.
տավարի միս – 700 գ,
նեխուր – 3 ցողուն,
մաղադանոս – փոքրիկ փունջ,
սոխ – 2 գլուխ,
բուսայուղ – 200 մլ,
աղ, սև պղպեղ
Տավարի միսը կտրատել, աղով և պղպեղով համեմել, արագ տապակել բուսայուղով թեժ կրակի վրա: Ավելացնել նեխուրի կտրատած ցողունները և սոխի կիսալուսնաձև շերտերը: Թավան կիսով չափ լցնել ջրով, մարմանդ կրակի վրա եփել: Վրան ցանել կտրատած մաղադանոս, մատուցել:
ՄՐԳԱՅԻՆ ԴԻԵՏԻԿ ՏՈՐԹ
Քանի որ քաղցրակերներից շատերն ունեն գիրանալու հակում, այս բաղադրատոմսը նրանց կհետաքրքրի: Այս տորթն ունի շատ ցածր կալորիականություն:
Բաղադրիչներ.
ալյուր – 1 բաժակ,
շաքարավազ – 200 գ,
ձու – 4 հատ,
բանան- 1 հատ,
սոդա
միջուկի և զարդարելու համար.
ժելե – 4 տուփ,
կիվի- 2 հատ,բանան- 2 հատ,նարինջ -1 հատ,կարմիր գինի – 100 գ
Ձուն հարել մինչև փրփրի: Ալյուրը մաղել, լցնել ձվի վրա, լավ խառնել: Բանանը բլենդերով մանրացնել կամ մանր կտրատել և լցնել խմորի մեջ: Տապակը թղթով ծածկել և լցնել խմորը: Դնել 180 աստիճանի ջեռոցի մեջ 30 րոպե: Մինչ այն կթխվի, մրգերը լվանալ, օղակ-օղակ կտրատել: Երբ բիսկվիթը պատրաստ լինի, հանել ջեռոցից, թողնել սառչի: Զգուշորեն հանել տապակի միջից, երկու մասի բաժանել: Ժելատինի մի տուփի վրա տաք ջուր լցնել, թողնել հովանա մի քիչ: Բիսկվիթի ներքևի շերտի վրա գինի և ժելե լցնել: Վրան ծածկել մրգերի օղակներով և դնել խմորի երկրորդ շերտը: Վերևի շերտին ևս ժելե և գինի լցնել: Տորթը նորից դնել տապակի մեջ, վրան դնել մնացած մրգի շերտերը: Մնացած ժելատինը բացել տաք ջրով և լցնել տորթի վրա: Տորթը դնել սառնարանի մեջ և թողնել այնտեղ ողջ գիշեր:
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՍԻԳ
200 գրամ սիգ,
20 գրամ գազար,
20 գրամ գլուխ սոխ,
20 գրամ տոմատի մածուկ,
15 գրամ յուղ,
3 գրամ ալյուր,
2 գրամ սխտոր,
100 գրամ ձկան արգանակ,
աղ, հատիկ պղպեղ, մաղադանոս
Ձուկը մաքրել, փորոտիքը հանել, գլուխը և պոչը հեռացնել: Ձուկը կտրատել և եփել: Պոչն ու գլուխը առանձին եփել, արգանակը քամել: Գազարը և սոխը մանրացնել, յուղով տապակել: Ավելացնել տոմատը, ևս 5-7 րոպե տապակել: Ալյուրը բովել, խառնելով բացել ձկան արգանակով, ավելացնել նախապատրաստած բանջարեղենը, աղ, պղպեղ, սխտոր: Թողնել եռա: Եփված ձկան վրա լցնել համեմունքներով բանջարեղենը և եռացնել: Սիգը մատուցել `զարդարելով մաղադանոսով կամ թարխունով:
ԲՐՆՁՈՎ ԵՎ ՍՈՒՆԿՈՎ ՏՈԼՄԱ
Բաղադրիչներ.
300 գ բրինձ կամ բլղուր (վերջինս ավելի դիետիկ է),
400 գ թարմ սունկ, ցանկալի է` շամպինիոն,
2 կանաչ սոխ,
1 գլուխ կաղամբ,
աղ, օրեգանո,
2 բաժակ բրնձի եփուկ,
2 բաժակ ջուր,
50 մլ ձիթապտղի յուղ,
1 կիտրոնի հյութ
Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելով ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ, 1 բաժակ ջուր: 15-20 րոպե եփել:
Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջ կիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելը հեշտ լինի:
Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենք փաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ և փաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Տոլմաները այնպես շարել, որ փաթաթած կողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն: Վրան 1-ական բաժակ բրնձի եփուկ և ջուր լցնել: Տոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդ կրակով:
ԼՑՈՆԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ
Բաղադրիչներ լցոնած խնձորների համար.
4 խոշոր խնձոր,
1 փոքրիկ խաշած ճակնդեղ,
1 նեխուրի արմատ,
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
1 թեյի գդալ ծովաբողկ,
1 բուռ ընկույզ,
1 պտղունց աղ,
1-2 թեյի գդալ մեղր,
սամիթ
Խնձորները լվանալ, միջուկը կորիզների հետ հանել հատուկ գործիքի կամ սուր դանակի օգնությամբ:
Պատրաստել միջուկը: Ճակնդեղը մանր քերիչով անցկացնել, նեխուրը մանր կտրատել, ցողել կիտրոնի հյութով: Ավելացնել ծովաբողկ, մեղր, մանրացրած ընկույզ, աղ անել, ավելացնել մանր կտրատած սամիթը և խառնել:
Ստացված խառնուրդով լցնել փորած խնձորները և 15-20 րոպեով դնել 150-170 աստիճան տաքացված ջեռոցի մեջ:
Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ, ՎԱՐՈՒՆԳՈՎ ԱՂՑԱՆ
Կարտոֆիլ – 350 գ,
յուղազրկված յոգուրտ – կես բաժակ,
մանր կտրատած սամիթ – 1ճաշի գդալ,
համեմի աղացած սերմ – կես թեյի գդալ,
կիտրոնի թարմ հյութ – 1 ճաշի գդալ,
1 խոշոր վարունգ
Կարտոֆիլի կեղևը մաքրել, կտրատել մոտ 1 սմ-անոց կտորների, եփել հինգ րոպե: Քամել, անցկացնել սառը ջրով, չորացնել:
Վարունգը կիսել, սերմերը հեռացնել, կարտոֆիլի չափերով կտրատել:Սամիթը, համեմի սերմը, յոգուրտը, կիտրոնի հյութը խառնել առանձին ամանի մեջ:
Ստացված սոուսը լցնել վարունգի և կարտոֆիլի վրա, աղ, պղպեղ անել:
|